Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 11-ի երեկոյան դադարեցրել է Վրաստանի Զինված ուժերի Միավորված շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեի եւ ԶՈՒ-ի հետեւակային 4-րդ ջոկատի հրամանատար Զուրաբ Շամատավայի պարտականությունները, որոնք քրեական գործի մասնաիցներ են: Այդպիսով դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել էր գրավի դիմաց ազատ արձակված Կալանդաձեին եւ կարգադրել էր շարունակել պարտականությունների կատարումը: Սահակաշվիլին հանդիպման ընթացքում նշել էր, որ զինված ուժերը ծառայում են ոչ թե ինչ-որ կուսակցությանը, կառավարությանը կամ նախագահին, այլ վրաց ժողովրդին:
Կալանդաձեն եւ Շամատավան, որոնք մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, 20 հազար լարի (12 հազար դոլար) գրավի դիմաց նոյեմբերի 9-ին ազատվել էին: Միաժամանակ, բանտարկված է մնում Վրաստանի ՆԳ եւ պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:
Ախալայան, Կալանդաձեն եւ Շամատավան ձերբակալվել էին նոյեմբերի 7-ի գիշերը: Նախկին նախարար Բաչո Ախալայային նաեւ «ապօրինի ազատազրկման» մեղադրանք էր ներկայացվել:
Նախկին նախարարի եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործը հարուցվել էր Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցության պարտությունից եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ նոր կառավարության ձեւավորումից հետո:




























