Իրանի իշխանությունները հաստատել են զինված ուժերի հրամանատարությունների միջեւ հակամարտությունների կանխարգելման նպատակով ուղիղ «թեժ գիծ» ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկը մերժելը: Այդ մասին տեղեկացնում է «Ֆարս» գործակալությունը:

«ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ուղիղ «թեժ գիծ» ստեղծել, իսկ Իրանը մերժել է», - հայտնել է Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատար այաթոլլահ Ալի Խամենեիի ռազմական գլխավոր խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին:

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», 2011թ. Պենտագոնը հայտարարել էր  Վաշինգթոնի եւ Թեհրանի միջեւ ռազմական հարցերի վերաբերյալ «թեժ գիծ» հաստատելու մտադրության մասին, որպեսզի Պարսից ծոցում անցանկալի առճակատումից խուսափելու հնարավորություն ստանար: Ինչպես հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները, Իսլամական Հանրապետության իշխանությունները  մերժել էին առաջարկը:

Ինչպես նշում է «Ֆարսը», Սաֆավին չի  հստակեցրել՝ խոսքը  Պենտագոնի նախորդ տարվա առաջարկի մասի՞ն է, թե՞ Իրանի հետ ռազմական կապ հաստատելու ԱՄՆ-ի նոր  փորձի: