Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն «Առաջին ալիքի» իր «Պոզներ» հաղորդման հերթական եթերում հերքել է վերջինիս հնարավոր փակման մասին լուրերը:

«Ես ներողություն չեմ խնդրել, ինձ չեն հեռացրել: Իմ հեռացման մասին լուրերը կատարյալ անհեթեթություն են: Եւ այսօր, եթե իհարկե ինչ-որ դժբախտ դեպք չպատահի, իմ վերջին հաղորդումը չէ », - ասել է նա: Հաղորդավարը նաեւ հանդիսատեսին խոստացել է շարունակել եթերում իր կարծիքը «միանգամայն անկաշկանդ» արտահայտելը, գրում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք,  ավելի վաղ «Եդինայա Ռոսիյայից» ՌԴ Պետդումայի պատգամավոր Իլյա Կոստունովը «Առաջին ալիքից» պահանջել էր աշխատանքից հեռացնել Վլադիմիր Պոզներին՝ հոկտեմբերի 28-ին մի շարք աղմկահարույց  գործերի  մեկնաբանության համար: Մասնավորապես, հեռուստահաղորդավարը կարծիք էր հայտնել ընդդիմադիր Լեոնիդ Ռազվոզժաեւի,  Pussy Riot խմբի անդամների գործերի մասին: Պոզները անվստահություն էր հայտնել ռուսական արդարադատությանը եւ ՌԴ-ի ՔԿ-ի գործողությունները համեմատել էր ԿՀՎ-ի աշխատանքի հետ:

Կոստունովը կարծում էր, որ Պոզները պետք է ապացուցի ՌԴ ՔԿ-ի աշխատակիցների  հասցեին  իր մեղադրանքները կամ լքի հեռուստաալիքը: Համապատասխան նամակը նա ուղարկել էր Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին: Այդ նախաձեռնությանն աջակցել էր նաեւ մեկ այլ եդինոռոս` Սերգեյ Ժելեզնյակը: