Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է   երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» եւ «Կոխ»:

«Կարատե»

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձեւին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» եւ «KARATE»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

«Կոխ»

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Սեւանի թերակղզում գտնվող «Սեւանավանք» հայկական վանական համալիրը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ եւ ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» եւ «KOKH»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

«Կարատե» եւ «Կոխ» հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հուշադրամերն ունեն նույն տեխնիկական բնութագիրը:

Հուշադրամների բնութագիրը.

Անվանական արժեքը            1000 դրամ

Մետաղը եւ հարգը                արծաթ, 9250

Զանգվածը                          28,28 գ

Տրամագիծը                        38,61 մմ

Դրամաշուրթը                      ատամնավոր

Որակը                                պրուֆ

Տպաքանակը                       մինչեւ 5000 հատ