2013թ-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Վարդան Սեդրակյանը պատրաստակամ է վճարել նախագահի թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը, որը համարժեք է քսան հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Նրա խոսքով, Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ է լսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայրենակիցներից հանգանակություն է ակնկալում: «Ես որպես Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենակից որոշեցի արձագանքել նրա կոչին եւ այսօր ցանկանում եմ նրան հայտնել, որ իր նախընտրական ընտրագրավը ես պատրաստ եմ վճարել»,- առաջարկեց նախագահի թեկնածուն: Նա ընդգծեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա հաղթահարել հինգ տոկոսը, պարտավոր է այդ գումարը վերդարձնել իրեն, քանի որ այդ գումարը պետությանը չի մնում` հետ են վերադարձնում: «Ինչո՞ւ եմ դիմում այս քայլին, որովհետեւ նա այն թեկնածուն է, ով ոչ մի ընտրակեղծումի չի գնա եւ վարչական ռեսուրս չի օգտագործի»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:
Հարցին, թե որտեղից իրեն այդքան գումար, Վարդան Սեդրակյանն ասաց, որ 1998թ-ից ԱՐ հեռուստաընկերության եթերից դուրս եկավ եթեր եւ ներկայացրեց «Սասնա Ծռերը» ու մինչ օրս ուսումնասիրում եւ ներկայացնում է տարբեր երկրներում, հետեւաբար իր անունը բավական է այդքան գումար ունենալու համար: Ավելին կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը չի կարող մրցակից հանդիսանալ «Սասնա Ծռեր» էպոսին:




























