Վրաստանի ԶՈՒ Միավորված շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վախթանգ Կապանաձեն, գրում է «Գռուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը դատախազության միջնորդությամբ դադարեցրել էր ԶՈՒ Միավորված շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեի եւ հետեւակային 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավայի լիազորությունները:
Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել էր գրավի դիմաց ազատ արձակված Կալանդաձեին եւ կարգադրել էր շարունակել պարտականությունների կատարումը: Սահակաշվիլին հանդիպման ընթացքում նշել էր, որ զինված ուժերը ծառայում են ոչ թե ինչ-որ կուսակցությանը, կառավարությանը կամ նախագահին, այլ վրաց ժողովրդին:
Կալանդաձեն եւ Շամատավան, որոնք մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, 20 հազար լարի (12 հազար դոլար) գրավի դիմաց նոյեմբերի 9-ին ազատվել էին: Միաժամանակ, բանտարկված է մնում Վրաստանի ՆԳ եւ պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:
Ախալայան, Կալանդաձեն եւ Շամատավան ձերբակալվել էին նոյեմբերի 7-ի գիշերը: Բոլոր երեքին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք էր ներկայացվել: Նախկին նախարար Բաչո Ախալայային նաեւ «ապօրինի ազատազրկման» մեղադրանք էր ներկայացվել:





























