Թուրքիայում Հայոց ցեղասպանության հեղինակներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան կողմից հրապարակված «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գրքին իր առարկություն է ներկայացրել Haberturk պարբերականի լրագրող, Օսմանյան կայսրության կործանման վերջին շրջանի հետազոտություններով հայտնի Մուրադ Բարդաքչըն։

Մուրադ Բարդաքչըն Haberturk-ում գրել է, թե Իթթիհադ վե թերաքիիի առաջնորդներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը 1915-ի վերաբերյալ իր գրքում մոռացել է կամ չգիտի, որ 1927-ին Աթաթուրքը հայերից բռնագրաված ունեցվածքից հատուկ որոշմամբ հանձնել է Ջեմալ փաշայի ընտանիքի անդամներին որպես փոխհատուցում Ջեմալի սպանության համար։

Մուրադ Բարդաքչըն ներկայացրել է նաեւ Ջեմալ փաշայի դին Թիֆլիսի դիահերձարանում եւ փաստաթուղթ, որը հաստատում է, որ հայազգի Վիչեն Հոքուչյանի գույքի հանձնումը Ջեմալ փաշայի ընտանիքին։

Նշենք, որ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Հասան Ջեմալը տարիներ առաջ այցելել է Երեւանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ներողություն խնդրել հայերից։