Եթե 2013թ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը վճարելու պատրաստակամություն է  հայտնում, ապա «Ժառանգությունն» այդ առաջարկը գնահատում է որպես ոչ կոռեկտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա խոսքով, «Ժառանգությունն» անակնկալի է եկել էպոսագետ Վարդան Սեդրակյանի առաջարկից: «Պարոն Հովհաննիսյանը ընտրագրավի մասով նման բան չի ասել, նա քարոզարշավի դրամահավաքի իրականացման մասով է խոսել: Ընդ որում` իր ընտրողների, քաղաքացիների շրջանում, այլ ոչ թե իր մրցակիցների: Հիմա, եթե պարոն Սեդրակյանը որոշել է, այլեւս չառաջադրվել եւ սատարել պարոն Հովհաննիսյանի թեկնածությունը, մենք միայն ուրախ կլինենք ընդունել իր կողմից քարոզարշավի համար գումար, որովհետեւ էլի եմ ասում` ընտրագրավի գումարը մենք ունենք»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: «Ժառանգության» մամուլի քարտուղարը նաեւ հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքերը, որ իրենք չեն գերազանցելու օրենքով սահմանված քարոզարշավի վրա ծախսվելիք 100 միլիոն դրամի սահմանագիծը եւ նույնը պահանջելու են նաեւ մյուս մրցակիցներից:  «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ թեկնածուները իրավունք ունեն իրականացնել հանգանակություն` որոշակի չափաբաժիններով: Այլ ֆինանսավորման աղբյուր, բացի երկրի քաղաքացիներից եւ ձեռնարկություններից հանգանակության համար մեր երկրի օրենքով նախատեսված չէ  եւ ես կարծում եմ, որ դա կդառնա մշակույթ եւ ավանդույթ մեր երկրում: Թեկնածուները  պետք է դրամահավաք իրականացնեն քաղաքացիների, փոքր եւ միջին բիզնեսմենների  շրջանակներում, այլ ոչ թե մեկ- երկու օլիգարխներից գումար ստանան եւ հետո իրենց ամբողջ իշխանությունը օգտագործեն այդ մեկ-երկու օլիգարխի շահերը պաշտպանելու համար»,- ավելացրեց Հովսեփ Խուրշուդյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2013թ-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Վարդան Սեդրակյանը պատրաստակամ է վճարել նախագահի թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը, որը համարժեք է քսան հազար ԱՄՆ դոլարի: Իսկ իր այդ քայլը պարզաբանել էր նրանով, որ  Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ է լսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայրենակիցներից հանգանակություն է ակնկալում: «Ես, որպես Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենակից, որոշեցի արձագանքել նրա կոչին եւ այսօր ցանկանում եմ նրան հայտնել, որ իր նախընտրական ընտրագրավը ես պատրաստ եմ վճարել»,- առաջարկել էր նախագահի թեկնածուն: