«Հայկական պանիր» ծրագիրը փաստացի չի գործում: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: «Մենք պատրաստվում  ենք լինել պանիր արտահանող երկիր, աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ: Կառավարության նախաձեռնությամբ ստեղծվեց այդ կազմակերպությունը` «Հայկական պանիր»: Պանրագործներս հավաքվեցինք, երկու խմբաքանակ արտահանեցինք, սակայն կառավարությունը խոստացված գումարը չտվեց»,-ասաց Ա. Գիգոյանը:

Նրա խոսքով` ՀՀ կառավարությանը 280 մլն դրամի աջակցության հայտ են ներկայացրել, այնուհետ` բանակցությունների միջոցով այդ հայտն իջել է մինչեւ 30 մլն դրամ, հետո նույնիսկ համաձայնել են 7 մլն դրամին` փաթեթավորման հարցերը լուծելու համար: Սակայն գումար չեն ստանում: Ավելին` կազմակերպության անվան մեջ «հայկական» բառն օգտագործելու համար ստիպված են տարեկան 600 հազ. դրամ պետտուրք վճարել, սակայն ուշացումների համար տույժ ու տուգանքների են ենթարկվում: «Մեր եկամուտը գնաց «հայկական» բառն օգտագործելու վրա, դեռ մի բան էլ պարտք ենք մնում»,- ասաց Ա. Գիգոյանը:

Նշենք, որ «Հայկական պանիր» կազմակերպությունը ստեղծվել է 2009 թ.: Ընկերությունում 50% մասնաբաժին ունի Զարգացման հայկական գործակալությունը, 50%` պանրագործների միությունը:

Ա. Գիգոյանի տեղեկացմամբ` հայկական ընկերությունները ներկայում պանիր արտահանում են` շրջանցելով «Հայկական պանիր» ընկերությունը:

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2012 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 707 տոննա պանիր` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 320 տոննայի համեմատ: Արտահանված պանրի մաքսային արժեքը 2012 թ. 2.5 դոլար է` 1 կգ-ի համար, 2011թ. եղել է 4.2 դոլար: