Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, նոյեմբերի 10-ին, բերման է ենթարկվել Բավրայի հսկիչ անցագրային կետից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Սպարտակ Ղուկասյանը ցուցմունք է տվել եւ ստորագրությամբ բաց թողնվել: Ոստիկանության փոխանցմամբ` քննությունը շարունակվում է:
Փորձեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից ճշտել, թե որտեղ է իր որդին այժմ, տեսել է նրան, թե ոչ եւ ինչ ավարով է վերադարձել, քանի որ, ինչպես հայրն էր ասել` Սպարտակ Ղուկասյանը գնացել էր արջ բռնելու: Լսելով մեր հարցը` Վարդան Ղուկասյանը սկսեց բղավել: «Դու ի՞նչ իրավունք ունես ինձ զանգ տալ»,- ասաց նա` անջատելով հեռախոսը: Երկրորդ անգամ, երբ զանգեցինք Գյումրիի նախկին քաղաքապետին, նա բարկացած սկսեց գոռալ: «Դու իրավունք չունես ինձ զանգելու եւ հեռախոսով ինձ հետ խոսելու, մյուս անգամ չզանգես, ինձ չանհանգստացնես»,- ասաց նա եւ նորից անջատեց հեռախոսը: Այդպես էլ չհաջողվեց պարզել, թե որ օրենսդրական նորմով է արգելված Վարդան Ղուկասյանին զանգելը: Երրորդ անգամ այլեւս չզանգեցինք նրան, քանի որ ցանկություն չկար նրա բերանի «մարգարիտները» լսելու:
Ավելի վաղ խոսելով հետախուզման մեջ գտնվող իր որդու մասին` քաղաքապետը վստահեցրել է, որ «չգիտի, թե որտեղ է Սպարտակը, որտեղից կգա, բայց որ անպայման կգա՝ դա փաստ է»: Թե ինչո՞ւ է գնացել Սպարտակը՝ Վարդան Ղուկասյանը այսպես էր պատասխանել. «Արջ բռնելու»:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում: Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով նա ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):
Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել:Շիրակի մարզի դատախազի ցուցումով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ առաջին մասերի հատկանիշներով՝ խուլիգանություն, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը:





























