Հացի շուկայում մենաշնորհային դիրքերը չարաշահելու պատժաձեւերը քաջ հայտնի են: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ մեկնաբանելով երկրում հացի մանրածախ գների բարձրացումը: «Կա թանկացում, որը մենք ի վիճակի չենք վերահսկել: Սակայն երկրի ներսում թանկացումները պետք է խելամիտ բացատրություն ունենան», – ասել է նա: Հիշեցնենք, ցորենի ներկրման շուկայում գերիշխող դիրք ունեն երկու ընկերություններ՝ «Ալեքս Գրիգը» եւ «Մանանա գրեյնը»:
«Պետությունը պարզապես պետք է հետեւի, որ գների տատանումներն օբյեկտիվ լինեն: Ավելի ոչինչ չի պահանջվում: Եթե սուբյեկտը գերակշռողը է, չի նշանակում, որ նա իրավունք չունի աշխատելու: Պարզապես նրա յուրաքանչյուր քայլը պետք է առավելագույնս վերահսկի պետությունը», - հավելել է Պողոսյանը:
«Կա նաեւ ընկերության հարկադիր մասնատման միջոց: Նման առաջարկություն ժամանակին ներկայացրել էին մենք եւ ոչ միայն մենք: Ինչ-որ մեկը դա կարող է անիմաստ անվանել` ինչ կփոխվի, եթե «Իքս» ընկերությանը փոխարինի «Իքս մեկը», «Իքս երկուսը», «Իքս երեքը»: Սակայն այդ ընկերությունները կվարեն առանձին հաշվապահություն, հետո, հնարավոր է, կառանձնացնեն նաեւ մասնագիտացումը եւ արդյունքում կդառնան հեռանկարային մրցակիցներ», – նշել է Պողոսյանը:





























