Թուրքիայի խորհրդարանի քրդական  «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը Twitter-ի իր էջում ներողություն է խնդրել օրեր առաջ Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի իր ելույթի ժամանակ հնչեցրած անհաջող համեմատության համար։

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը, քուրդ պատգամավորը գրել է, թե ինքը զգացել է, որ Իզմիրի իր ելույթում անհաջող համեմատություն է արել։ «Որպես մի ժողովրդի որդի, որը դարեր ի վեր կոտորածի է ենթարկվել, հնարավոր չէր, որ նման բախտի արժանացած այլ ազգերին վիրավորեի։ Այդ հարցում իմ տեսակետներին տեղյակ եք։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին, ովքեր ինձ զգուշացրեցին սրա մասին»,-ասել է Սըրրը Սաքըքը։

Նշենք, որ Իզմիրում հանրահավաքի ժամանակ Սըրրը Սաքըքը դիմել էր թուրքական իշխանություններին՝ ասելով. «Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Քրդերը 1915-ի հայերը չեն, որ կոտորեք։ Քրդերը 1955-ի սեպտեմբերի 6-7-ը վերապրած հույները չեն, հրեաները չեն, որ նրանց բռնանաք»։

Սըրրը Սաքըքը նախորդ տարի Թուրքիայի խորհրադարանում հայտարարել էր, թե Թուրքիայում կոտորելու մշակույթ կա եւ նշել, թե 1915-ին Թուրքիայում հայերին կոտորեցին, որից հետո սկսեցին կոտորել հրեաներին եւ քրդերին։

Պատգամավորները կոչ էին արել Սաքըքին 1915-ը չանվանել կոտորած եւ հետ վերցնել իր խոսքը, ինչին Սաքըքը պատասխանել է, թե պետք է պատմությունը իմանալ եւ առերեսվել դրա հետ։