Հանրապետությունում ստեղծվել է կաթի դեֆիցիտ, ինչն իր հերթին կհանգեցնի կաթի ու կաթնամթերքի թանկացման: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Կաթի դեֆիցիտը, նրա խոսքով, հետեւանք է մի շարք գործոնների:

Առաջին, տեղի է ունենում խոշոր եղջերավոր անասունների զանգվածային մորթ: Երկրորդ` կաթի մթերման գինը նվազել է, երրորդ` անասնապահությունում շահութաբերությունը նվազել է, որոշ տեղերում` նույնիսկ վնասաբեր է (հաշվի առնելով եւ անասնակերի թանկացումը, եւ մթերման գների անկումը):

Ըստ Ա. Գիգոյանի` կաթի դեֆիցիտը կարող է փոխհատուցվել միայն կաթի փոշու ներկրման միջոցով, ու այդ դեպքում` հնարավոր է կկանխվի նաեւ կաթնամթերքի թանկացումը:

Նշենք, որ կաթնամթերքի թանկացման մեծ հավանականության մասին նշում են նաեւ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները, թեեւ պետական տեսչությունների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար առայժմ աղմկոտ ու հրապարակային հայտարարություններ չեն արվում: Ենթադրվում է, որ թանկացումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին, երբ անասունները վերջնականապես կկտրվեն բնական արոտներից ու կանցնեն թանկ գներով ձեռքբերված անասնակերին: