Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 8-9-ը տեղի է ունեցել «Միջմշակութային կապերը քաղաքացիական հասարակության զարգացման գործում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների խորհրդարանականներ: Հայկական կողմը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Մարգարիտա Եսայանը (ՀՀԿ) եւ Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ): Այդ մասին խորհրդարանում այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտա Եսայանը:

Ըստ Եսայանի` կոնֆերանսի ընթացքում ինքն անդրադարձել է Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացման թեմային, մասնավորապես Հին Ջուղայում խաչքարերի ոչնչացմանը: «Կարելի է շատ գեղեցիկ խոսքեր ասել՝ չդատապարտելով եւ չկանխելով  վանդալիզմը, ինչը կհանգեցնի հայկական ճարտարապետական-պատմական արժեքների` եկեղեցիների, խաչքարերի եւ գերեզմանների ոչնչացմանը: Դա տեղի է ունենում 21-րդ դարում, մեր օրերում, քանի որ  հավուր պատշաճի չի դատապարտվում  միջազգային հանրության կողմից: Ես բարբարոսական վերաբերմունքի սովորական  դատապարտման փոխարեն առաջարկեցի ավելի գործնական քայլեր ձեռնարկել եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսել: Հայկական մշակութային արժեքների մասունքները հարեւան երկրում փրկելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել»:

Իր հերթին Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ կոնֆերանսի ընթացքում 10 կետից բաղկացած բանաձեւ է ստորագրվել, որն ուղղված է ԱՊՀ երկրների միջեւ հանդուրժողականության հաստատմանը եւ միջմշակութային կապերի զարգացմանը: