Հոկտեմբերի վերջից սկսած Mail.ru Group-ը վաճառել է արտասահմանյան կայքերում՝  Facebook սոցցանցում, այդ ցանցի համար խաղեր արտադրող Zynga-ում, ինչպես նաեւ արժեկտրոնային Groupon ծառայությունում իր բաժնի զգալի մասը: Վերջին շաբաթների ընթացքում նա դրանով 230 մլն դոլար է վաստակել, իսկ կիսամյակում՝ 1,3 մլրդ դոլար:

Մի քանի շաբաթվա ընթացքում Mail.ru Group-ը վաճառել է Facebook-ի 6 միլիոն, Zynga-ի 9 միլիոն եւ Groupon-ի 22 միլիոն բաժնետոմս: Facebook-ի վաճառված բաժնետոմսերի շուկայական արժեքը կազմում է 125 միլիոն դոլար, Zynga-ինը`19 միլիոն դոլար, Groupon-ինը`86 միլիոն դոլար:

Ինչպես հայտնում է CNews-ը, հոկտեմբերին Mail.ru Group-ն արդեն իրացրել էր Facebook-ի 16 միլիոն  բաժնետոմս` իր բաժինը նվազեցնելով 1,25%-ից մինչեւ 0,75%: 

Facebook-ի բաժնետոմսերի առաջին վաճառքը տեղի էր ունեցել մայիսյան IPO-ի ընթացքում: Այն ժամանակ Mail.ru Group-ն իրացրել էր 19,5 միլիոն բաժնետոմս՝ 740 միլիոն դոլարով:

Ընդհանուր առմամբ, կես տարվա ընթացքում Mail.ru Group-ը կարողացել է արտասահմանյան համացանցային ընկերություններում իր բաժնետոմսերի վաճառքից 1,3 միլիարդ դոլարի շահույթ ստանալ: