Լոնդոնն արդեն այս տարի կարող է դադարել համաշխարհային ֆինանսական կենտրոն լինել՝ Սիթիում աշխատատեղերի կրճատման, բոնուսների նվազման եւ Նյու Յորքի, Սինգապուրի եւ Հոնգկոնգի կողմից աճող մրցակցության հետեւանքով:

The Sunday Times-ի տվյալներով, ճգնաժամը Լոնդոնից խլեց համաշխարհային ֆինանսական կենտրոնի տիտղոսը: Այս տարեվերջին աշխարհի ֆինանսական կենտրոն կդառնա Նյու Յորքը: Լոնդոնը երեք տարի անց ավելի ներքեւ կիջնի եւ երկրորդ տեղում կհայտնվի Հոնգկոնգը, իսկ հնարավոր է, Լոնդոնին շրջանցի նաեւ ՍԻնգապուրը, կարծում են Centre for Economics and Business Research-ի (CEBR) մասնագետները:

Լոնդոնը կորցնում է իր առաջատար դիրքերը աշխարհում ֆինանսների դեպի արեւելք տեղաշարժով պայմանավորված, ինչպես նաեւ Բրիտանիայի կառավարության անհեռատես քաղաքականության, հատկապես հարկահավաքման եւ բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտների պատճառով, որոնք խանգարում են ֆինանսների արդյունավետ աշխատանքին: Փորձագետների գնահատմամբ, Սիթիում ակտիվության նվազման արդյունքում Բրիտանիան արդեն մոտ ապագայում կսկսի տարեկան 30-40 մլրդ ֆունթ սթերլինգ կորցնել:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, 2011 թվականին Սիթիում աշխատում էր 280 հազար մարդ, Նյու Յորքում՝ 262 հազար: Սակայն այս տարվա ընթացքում Լոնդոնի ֆինանսական կենտրոնում ֆինանսական աշխատակիցների թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 249,5 հազարի, տաեվերջին Նյու Յորքում, Ուոլ սթրիթում ֆինանսական աշխատակիցների թիվը կլինի 254 հազար: