ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգված է Վրաստանում դեպքերի զարգացումով, մասնավորապես՝ երկրի կառավարության ընդդիմադիրների ձերբակալություններով: 

Ռասմուսենը նշել է, որ չի միջամտում իրավաբանական ասպեկտներին, «բայց առկա են չափորոշիչներ, որոնք պետք է հարգել, եւ քաղաքական դրդապատճառներով դատական գործընթացներն անընդունելի են», գրում է «Նովոստի-Գռուզիան»:

«Նման դեպքերը պետք է քննի վրացական արդարադատության համակարգը: Սակայն շատ կաեւոր է, որպեսզի  նման գործընթացներում քաղաքական միջամտություն չլինի», - հայտարարել է նա Պրահայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վոհաժողովում ելույթի ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ խոսքը  Վրաստանի ՆԳՆ-ի նախկին ղեկավար Բաչո Ախալայայի, Վրաստանի Զինված ուժերի միավորված շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեի եւ հետեւակային 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավայի քրեական հետապնդման  մասին է: Նրանց պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք  է ներկայացվել, իսկ Ախալայան նաեւ մեղադրվում է նաեւ անօրինական ազատազրկման ենթարկելու մեջ: