Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անձեր չեն քննարկվել, բացի այդ, նպատակահարմար չեմ համարում պատասխանել Հայ ազգային կոնգրեսի հետ տեղի ունեցած խորհրդակցությանը վերաբերող հարցերին: Այս մասին, այսօր նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ընդգծելով, որ մտադիր չէ պատասխանել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերաբերող հարցերին:
Նա նաեւ հայտնեց, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու քաղաքական ուժերի օրակարգում գտնվող հարցեր: «Չեմ ցանկանում հրապարակել խորհրդակցության մանրամասները, քանի որ դա փակ քննարկում է եղել: Միայն կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի հետ քաղաքական խորհրդակցությունները կշարունակվեն»,-ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով, քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու առաջարկն հասցեագրված է ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերին:
Այսօր երեկոյան, ԲՀԿ-ն խորհրդակցություն կանցկացնի «Ժառանգություն» կուսակցության հետ: «Այսօր մենք ՀՀԿ-ին առաջարկել ենք մասնակցել քաղաքական խորհրդակցություններին, կընդունեն այդ առաջարկը, թե՝ ոչ, իրենց գործն է»,-ընդգծեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Զոհրաբյանը նաեւ նշեց, որ անցած շաբաթ օրը ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունը բավական արդյունավետ ու բովանդակային են եղել: «Կարծում եմ, որ հնարավոր է ձեւավորել այն միասնական օրակարգը, որը կարող է հանգեցնել լուրջ կառուցվածքային փոփոխությունների»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի հայտարարությունը, ըստ որի չի բացառվում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես գան միասնական թեկնածուով, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես այլեւս ոչ մի բառ չեմ ասի: Ես չեմ մեկնաբանում ՀԱԿ-ի հետ քննարկմանը վերաբերող հարցերը»:




























