Եգիպտական սալաֆիների առաջնորդներից մեկը՝ շեյխ Սալամ ալ Գոհարին կոչ է արել ոչնչացնել Գիզայի բոլոր բուրգերը եւ Մեծ սֆինքսը:

Արբանյակային Al-Arabiya հեռուստաալիքի տեղեկացմամբ, քարոզիչը հայտարարել է, որ «յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է ոչնչացնել կռապաշտության նման հուշարձանները»: Նա միաժամանակ զուգահեռ է անցկացրել Աֆղանստանում Բուդդայի արձանների հետ, որոնք ոչնչացրել էին թալիբները:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, Եգիպտոսում ալ Գոհարին վաղուց հայտնի է բռնության կոչերով ընդդեմ այն ամենի, ինչը հակասում է իսլամի խիստ կանոններին: Նախկին իշխանությունների ժամանակ նա ցմահ բանտարկության էր դատապարտված, սակայն երկրից փախել էր Աֆղանստան, որտեղ վիրավորվել էր ամերիկացի զինվորականների հետ փոխհրաձգության հետեւանքով: Այնուհետեւ շեյխը մեկնել էր Պակիստան, այնտեղից` Սիրիա, որտեղից նրան արտաքսել էին ԵԱՀ, որտեղ էլ բանտարկվել էր: Հեղափոխությունից հետո իսլամիստների առաջնորդին ազատել էին: