«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը այսօր` նոյեմբերի 12-ին, հանդիպել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Լ. Զուրաբյանի եւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ա. Ավագյանի հետ:
Ավելի քան 1,5 ժամ փակ դռների հետեւում կայացած հանդիպումից հետո երկու կողմերն էլ շեշտել են, որ կան ընդհանրական մոտեցումներ, հետեւաբար` բանակցությունները շարունակվելու են: Հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը նշել է, որ օրակարգային բոլոր հարցերը քննարկվել են: «Կարելի է ասել, որ ընդհանրություններ կան, պետք է ուղղակի շարունակել բանակցությունները և պայմանավորվել ենք, որ նորից կհանդիպենք», - ասել է Օսկանյանը:
Նշենք, որ օրերս ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: Հանդիպումները արդեն մեկնարկել են, օրինակ` ԲՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հանդիպել են ՀՅԴ ԳՄ անդամների հետ, իսկ այսօր երեկոյան հանդիպելու են «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:




























