Ամերիկացի գիտնականները նյութ են ստեղծել, որն արդեն «սինթետիկ մաշկ» անվանումն է ստացել: Այն ընդունակ է արագ վերականգնել քերծվածքներն ու կտրվածքները, նաեւ թույլ է տալիս զգալ հպումները, ինչը բժշկության համար մեծ հեռանկար է:
Այդ մաշկի թարմ կտրվածքը «լավանում է» մի քանի վայրկյանում, ինչը մարդկային մաշկի դեպքում մի քանի օր է տեւում, պատմում են ԱՄՆ-ի Սթենդֆորդի համալսարանի գիտնականները:
Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականները փորձել են սինթեզել նյութ, որը կրկնօրինակում է կենդանի էակների մաշկի հատկությունները` առաձգականությունը, ամրությունը, բարձր զգայականությունը եւ վնասվածքների վերականգնումը:
Գիտնականները պոլիմերի եւ նիկելի նանոմասնիկների խառնուրդից բարակ շերտ են պատրաստել: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նյութը կարողանում է ինքնուրույն «բուժել» վերքերը՝ գրեթե մի քանի վայրկյան անց, հայտնում է «pravda.ru»-ն:
Հայտնագործությունը կարող է հետաքրքրել ոտքերի եւ ձեռքերի պրոթեզներ ստեղծող բժիշկներին եւ այլ գիտնականների: Բացի այդ, այն կարող է կիրառվել որպես բջջային եւ այլ սարքերի սենսոր:




























