Գյումրիի հոկտեմբեր կինոթատրոնում այսօր հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նորընտիր ավագանու անդամների երդման արարողությունը: Ինչպես Գյումրիից  հայտնում է NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը, երդման արարողությանը ներկա են եղել մեծ թվով ոստիկաններ: Երդման հանդիսավոր արարողությանը ներկա չէր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Խոսելով տարածքում ներկա բազմաթիվ ոստիկաններից ու անվտանգության աշխատակիցներից, Սամվել Բալասանյանն ասաց, որ ինքը անվտանգության աշխատակիցներ չունի, չնայած որ օրենքով իրեն հասնում է.»Մենք ունենք պարեկային ծառայություն, եւ հիմա իրականացնում են իրենց աշխատանքը, ես որեւէ ախռանիկ չունեմ, ես 2-3 հոգու հաստիք ունեմ, բայց ասել եմ, որ ինձ պետք չի, ես ինձ կպաշտպանեմ…»,-ասաց նա: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Բալասանյանը մտավախություն չունի, որ Սպարտակ Ղուկասյանը կգա քաղաքապետարան եւ կփորձի ինչ-որ բաներ անել, պատասխանեց. «Ինչի՞ց պետք ա մտավախություն ունենամ՞: Ումից՞»:

Խոսելով քաղաքապետարանի ունեցած պարտքերից, մասնավորապես Ղուկասյաններին ունեցած պարտքից, Բալասանյանն ասաց, որ եթե փորձաքննությամբ հաստատվի, որ նշված կազմակերպությանը իրոք պարտք է քաղաքապետարանը, ապա անպայման կվճարվի:

Իսկ իր պատգամավորից քաղաքապետի անցնելը Բալասանյանը կապում է Աստծո հետ. «Երեւի սա Աստծո կամքն էր, որ ես ընտրվեցի, ես եկել եմ իրոք ազնիվ ծառայելու…Ես չեմ փոշմանել, ես միայն հպարտ եմ, որ Գյումրու քաղաքապետ եմ ընտրվել»:

Լրագրողների այն հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում եթե  ԲՀԿ-ն որոշի  սեփական թեկնածուով հանդես գա, ում կսատարի, Սամվել Բալասանյանը, այդպես էլ անպատասխան մնաց: 

Խոսելով Գյումրիում իրականացվելիք առաջիկա ծրագրերից, Սամվել Բալասանյանն ասաց, որ առաջին հերթին պետք է գյումրեցուն ազատել փոշուց ու աղբից . «Դրանից հետո լուսաֆորների աշխատանք, խմելու ջրի ու կոյուղագծերի խնդիր կա, համատիրությունների հետ աշխատելու հարց, խնդիրները շատ են»: