Դեպքերը, երբ բանտարկյալները կարում են իրենց բերանները, Հայաստանում շատ չեն: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Այդ երեւույթը մեր երկրում տարածված չէ»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Մեկնաբանելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վերջերս արած հայտարարությունը, ըստ որի, որոշ բանտարկյալների համար բերան կարելը «սովորական բան է», նա նշեց, որ նախարարն իրավունք չուներ նման գնահատականներ հնչեցնել: «Սա պատժիչ մոտեցման փիլիսոփայության վառ վկայություն է»,-նկատեց Սաքունցը:

Նրա խոսքով, թեեւ բերան կարելու դեպքերը շատ չեն, սակայն պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ դեպքերի եւ դրանց պատճառների վրա: «բողոքները հիմնականում կապված են դատական որոշումների արդարացի լինելու հետ: Բանտարկյալները, ովքեր մեկ խցում ապրում են 12, երբեմն 14 հոգով, որոնք նախատեսված են 8 մարդու համար, այդքան չեն բողոքում իրենց պայմաններցի, որքան արդարադատության հետ եղած խնդիրներից»,-ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է հացադուլին, որպես բողոքի նշան, ապա այդպիսի դեպքերը շատ են: Հատկապես դա վերաբերում է նախաքննության եւ նախքան դատավճիռն ընկած ժամանակահատվածին: