Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բելգիա կատարած առաջին արտասահմանյան այցի ընթացքում կողմ է արտահայտվել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելուն: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունն իրավիճակի շահարկումը թույլ չտալու համարժեք միջոցներ կձեռնարկի:
«Նման իրավիճակն անբարենպաստ է եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի համար: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խորացնենք եւ բարելավենք մեր պատմական հարաբերությունները», - ասել է Իվանիշվիլին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո: Նա նաեւ նշել է, որ երկրի արտաքին քաղաքականության միտումը մնում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը: Ընդ որում ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», Իվանիշվիլին հայտարարել է, որ հատուկ ներկայացուցիչ նշանակելու իր որոշմանը Ռուսաստանի պատասխանը «համարժեք» չի եղել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Բարոզուն ողջունել է Վրաստանի վարչապետի որոշումը քաղաքագետ եւ դիվանագետ Զուրաբ Աբաշիձեին Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ նշանակելը: Եվրահանձնաժողովի ղեկավարը ընդ որում մատնանշել է այն բանի կարեւորությունը, որ ԵՄ-ի անդամ-գործընկերները լավ հարաբերություններ ունենան ՌԴ-ի հետ:
Կողմերը քննարկել են Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ ասոցիացիայի մասին համաձայնագրի բանակցությունների ընթացքը, ազատ առեւտրի երկկողմ ռեժիմի հաստատումը, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրներ մեկնող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հեշտացումը:




























