Սաուդյան Արաբիայում քարոզիչն սպանել է իր հնգամյա դստերը՝ կասկածելով նրա հավատացյալ լինելուն: Այս գործը շոկի մեջ է գցել երկրի պատրիարխալ հասարակությանը, քանի որ ամբաստանյալների նստարանին է հայտնվել աստվածաբանը, ով հաճախ է քարոզներով հանդես գալիս հեռուստատեսությամբ:

Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սուհայլա Զին ալ-Աբիդինը, ծանոթանալով գործի մանրամասներին, լրագրողներին հայտնել է, որ աղջնակին խոշտանգումների ենթարկելու պատճառը, որոնք ի վերջո հանգեցրել են մահվան, եղել է «հնգամյա աղջնակի իրական հավատացյալ լինելու հետ կապված հոր կասկածները»:

Իրավապաշտպան կինը, ինչպես նաեւ աղջնակի մայրը, մտադիր են մահապատիժ պահանջել աստվածաբանի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հնգամյա Լյումային հետազոտած բժիշկները հայտնել են, որ նա մահացել է գանգի կոտրվածքից առաջ եկած ներքին արյունահոսությունից: Բացի այդ, բժիշկները նրա մարմնի վրա վնասվածքներ ու այրվածքներ են հայտնաբերել, կոտրված է եղել երեխայի ձեռքը: Շեյխի ձերբակալմանը ներկա գտնվողների խոսքով, նա այդ պահին ծիծաղում էր: