«Ձեր գնահատականներն, ինչպես կառավարության ծրագրի, այնպես էլ 2013 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ, հիմնովին սխալ են»,- ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսկերպ արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցադրմանը:
Վ. Օսկանյանը, բյուջետային քննարկումների շրջանակներում, հայտարարեց, թե ինչպիսին կառավարության ծրագիրն է, այնպիսին էլ բյուջեն է՝ «հետեւում չկա քաղաքականություն, տնտեսական տրամաբանություն, հստակ չեն թիրախները»: Ըստ Վ. Օսկանյանի՝ բյուջեում իրական աճ չկա, «ինքնահոսի թողնված բյուջե է»: Պատգամավորի կարծիքով՝ կառավարությունը նախկինի պես տարված է գնաճի զսպմամբ՝ տնտեսությունը խթանելու փոխարեն:
Վ. Գաբրիելյանը պատասխանեց, որ բյուջեի եկամուտների էլաստիկությունն աճել է (այսինքն՝ ՀՆԱ-ի անվանական աճի համեմատությամբ բյուջեի եկամուտների աճն ավելի բարձր է); Վ. Գաբրիելյանն ասաց, որ գնաճը զսպելը վատ բան չէ, եւ այն չի հանգեցնում տնտեսության պասիվացման, քանի որ զուգահեռ աճել է նաեւ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:
Ինչ վերաբերում է բյուջեի իրական աճին, ապա Վ. Գաբրիելյանն ասաց, որ մի շարք ոլորտներում իրական աճ առկա է՝ պաշտպանություն, ոռոգման համակարգեր, կրթություն, սոցիալական փաթեթներ եւ այլն:




























