Քանի դեռ խաղացողներն իրենց գլխավոր գործող անձանց մասին չեն հայտարարել, դժվար է կանխատեսումներ անել, սակայն պետք է նշել, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում ՀՀԿ-ի գլխավոր խնդիրն ամեն ինչ անելն է` լավ ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` առաջիկա նախագահական ընտրությունների համապատկերում:

Սահակյանի խոսքով` առայժմ իրենց դիրքորոշումը չեն հայտնել ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը , ԲՀԿ-ն. «Այսինքն, գլխավոր խաղացողները հասարակությանն առայժմ չեն ներկայացրել նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը»: 

Ի պատասխան հարցին, թե որն է այդ քաղաքալան ուժերի լռության պատճառը, Սահակյանը նշեց,  որ լավ կլիներ, եթե նրանք ավելի վաղ հանրությանը ներկայացնեին իրենց թեկնածուներին կամ այդ հարցի հետ կապված իրենց դիրքորոշումը, որպեսզի ընտրողները կարողանային ժամանակին կողմնորոշվել. «Սակայն յուրաքանչյուր կուսակցությունն ունի իր ռազմավարությունը: Կարծում եմ, որ պետք է մի փոքր սպասել, առաջիկայում դրանք կորոշակիանան»:

Անդարադառնալով ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու առաջադրելու հարցին, Սահակյանը նշեց,  որ լավ կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեին, քանի որ դա լավ ընտրությունների երաշխիք կլիներ: «Սակայն մինչեւ հիմա ընդդիմադիր ճամբարում ուժերը միմյանց դեմ էին թշնամաբար տրամադրված, իսկ հիմա իրենց սլաքն ուղղել են ՀՀԿ-ի դեմ: Սակայն չեմ կարծում, որ ընդդիմադիր ուժերը պայմանավորվածության կհասնեն միասնական թեկնածուի հարցում»: