ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության հարցերը քննարկել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա նաեւ այցելել է կալանավորված լրագրողներին, ասվում է ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունում:

«Այդ հանդիպումների ընթացքում ես հույս եմ հայտնել, որ Ադրբեջանում բոլոր բանտարկված լրագրողներն ու բլոգերները ազատ կարձակվեն մոտ ժամանակներս: Ես իմ անհանգստությունն եմ հայտնել այն դեպքերի առթիվ, որոնց հարցը ես նախկինում արդեն բարձրացրել եմ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ: Դա լրագրող Իդրաք Աբասովի դեմ կատարված հարձակումն է, Հադիջա Իսմայլովայի թունավորման արշավը եւ «Ազադլիգ» թերթի ճակատագիրը: Ես նաեւ ընդգծեցի իշխանությունների կողմից երկրում լրատվամիջոցների համար ազատ եւ անվտանգ միջավայր ստեղծելու խիստ անհրաժեշտությունը, քանի որ պրոֆեսիոնալ լրագրությունը կարող է բարգավաճել, եթե լրագրողներն իրենց պարտականությունները կատարում են առանց վախի»,-ասել է նա:

Այցի ընթացքում Միյատովիչը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի, նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի եւ միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նովրուզ Մամեդովի հետ:

Միյատովիչին թույլ են տվել այցելել կալանավորված լրագրողներ Ավազ Զեյնալիին («Հուրալ» թերթի խմբագիր), անկախ լրագրող Ֆարամազ Նովրուզօղլուին, «Հայալ-TV»-ի գործադիր տնօրեն Վուգար Գոնագովին եւ «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել են նմանատիպ այց կատարել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Նելի Քրոեսին, ինչը սկանդալի պատճառ էր դարձել: Քրոեսը հայտարարել էր, որ ինքն անձամբ է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ խնդրելով իրեն նման հնարավորություն տալ, իսկ վերջինս հրապարակավ խոստացել էր դրա համար պայմաններ ապահովել, սակայն հաջորդ օրն իրեն արգելել էին այցելել կալանավորված լրագրողներին: