Ավելի քան 2 հազար ռուս զինվոր ու սերժանտ է ժամանել Հայաստանում ռուսական ռազմակայան՝ տեղի զինծառայողներին փոխարինելու: Այս մասին հաղորդում է ՌԴ զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:
Նոր ժամանած զինծառայողները պատրաստություն են անցել ուսումնական հաստատություններում՝ դիպուկահարներ, վարորդ-մեխանիկներ, նռնականետորդներ, հետախույզներ ու ուղղորդիչ-օպերատորներ մասնագիտություններով:
Թեկնածուներին ընտրելիս նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր ցանկություն են հայտնել ծառայել արտասահմանում, բարձրլեռնային շրջաններում: Հաշվի է առնվել նաեւ նրանց ֆիզիկական եւ առողջական ցուցանիշները:
Հայաստանում ռուսական ռազմակայանի նոր զինծառայողներով համալրման միջոցառումը կավարտվի մինչեւ նոյեմբերի վերջ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է փոխարինել շուրջ 3 հազար մարդու: Այս փոխարինման արդյունքում ռուսական ռազմակայանում ծառայողների թիվը կմնա անփոփոխ:




























