«Յունիբանկը», սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, իրականացնում է Երեւանի եւ մարզերի դպրոցների բարեկարգման եւ կահավորման ֆինանսավորման նոր ծրագիր: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արդեն իսկ «Յունիբանկը» մարզական նոր գույք է նվիրել Կապան քաղաքի N7 հիմնական դպրոցին: Նվերը դպրոցին փոխանցել են «Յունիբանկի» «Կապան» մասնաճյուղի ներկայացուցիչները:
«Մարզական նոր գույքը մեր դպրոցի աշակերտների համար երկար սպասված եւ մեծ նվեր է: «Յունիբանկի շնորհիվ այսօր մենք ունենք բոլոր պայմանները, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք կերպով զբաղվել սպորտով», - ասել է N7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանը:
«Յունիբանկի» ղեկավարությունը դպրոցների աջակցությանն ուղղված մի շարք բարեգործական ակցիաների իրականացման որոշում է ընդունել: Մասնավորապես, առաջիկայում բանկի տրամադրած միջոցներով կվերանորոգվի Երեւանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը, իսկ N157 դպրոցում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան:




























