Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հանդիպումը «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քննարկումը անցավ նորմալ աշխատանքային ընթացակարգով:
ԲՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց օրակարգը, հետո «Ժառանգության» անդամներն են ներկայացրել իրենց օրակարգը` կապված թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական խնդիրների, դրանց լուծման ուղիների շուրջ:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ որոշ հարցերի շուրջ կային ընդհանուր մոտեցումներ` չմասնավորեցնելով. թե կոնկրետ որ հարցերի շուրջ էին ընդհանրությունները, եւ որոնց շուրջ` հակասությունները: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանդիպմանը նախագահական ընտրությունների, թեկնածուների հարց բացարձակապես չի քննարկվել;
Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա «Ժառանգությունը» չի շտապում հայտարարել այդ մասին; Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս հանդիպման մասին կզեկուցեն վարչությանը, որից հետո պարզ կլինի` հետագայում հանդիպումներ լինելու են, թե ոչ:
Նշենք, որ օրերս ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: Հանդիպումները արդեն մեկնարկել են, օրինակ` ԲՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հանդիպել են ՀՅԴ ԳՄ անդամների հետ, ՀԱԿ ններկայացուցիչների հետ:




























