Փոթիի նավահանգիստը արդեն երկու օր գործում է նորմալ ռեժիմով: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց «Նավտե+» վրացական լոգիստիկ ընկերության տնօրեն Զուրաբ Կոնիաշվիլին: «Մեր բեռները` նրանց թվում 2 վագոն դեպի Հայաստան, արդեն Կովկաս նավահանգստից Փոթի են ուղեւորվում»,- նշեց Կոնիաշվիլին: Լաստանավը դեռեւս դուրս չի եկել, սակայն դա կապված է եղանակային պայմանների, ոչ թե գործադուլի հետ:
«Եւ նորոգարանները, եւ պահեստները գործում են նորմալ ռեժիմով, բեռնումն ու բեռնաթափումը նորմալ է: Նավահանգիստն այնպիսի ենթակառուցվածք է, որ չի կարող չգործել»,-ավելացրեց զրուցակիցը: Նրա խոսքով` գործադուլի վերսկսում պետք չէ սպասել: «Նավահանգստի ղեկավարությունը շատ փորձառու է, իսկ տնօրեն Ջոզեֆ Քրոուլին Վրաստանում աշխատում է շատ տարիներ եւ այն գիտի վրացիներից ոչ վատ»:
Հիշեցնենք, որ Փոթիում առաջին գործադուլը հայտարարվել էր հոկտեմբերի վերջին եւ կարճ ժամանակ անց դադարեցվել էր: Երկրորդը նոյեմբերի 1-ից շարունակվեց մինչեւ անցած շաբաթ:





























