Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 12-ին, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա հրաշալի քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաեւ տնտեսական հարաբերությունների համար: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ երկիրն է՝ Հանրապետության ղեկավարն առաջնահերթ խնդիրներից է համարել առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացումը եւ առեւտրաշրջանառության աճը: Այս տեսանկյունից քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի լայն շրջանակ:

ՀՀ նախագահը եւ Ֆրանսիայի վարչապետը խոսել են Հայաստանում անցյալ տարվանից գործող «Հայ-ֆրանսիական գործարար ակումբի» կարեւորության եւ դրա գործունեության հետագա ընդլայնման շուրջ, միաժամանակ բարձր են գնահատել Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Ֆրանսիական զարգացման գործակալության՝ առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը գյուղատնտեսության, մասնավոր հատվածի զարգացման, ջրային տնտեսության ոլորտներում:

Մանրամասն անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում առկա ծրագրերին ֆրանսիական ընկերությունների հետագա ներգրավման հարցերին, Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում նրանց մասնակցությանը:

Ֆրանսիայի վարչապետն իրենց պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում ֆրանսիական ընկերությունների մուտքը խրախուսելու հարցում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հեռահաղորդակցության ոլորտում, մեր երկրի հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքների կայացման եւ Հայաստանի կենսաթոշակային ոլորտի հետագա զարգացման ծրագրերում ֆրանսիական առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ու Ժան-Մարկ Էրոն խոսել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա մշակութային եւ կրթական կապերի հետագա խորացման, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հարցում ֆրանսիական հնարավոր օժանդակության մասին: