Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հայ-ֆրանսիական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններում առանձնակի կարեւորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի սերտ շփումներն ու արդյունավետ գործունեությունը, կարեւորել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը իր երկրի խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել բարեկամության նույն ոգով շարունակելու եւ առավելագույնն անելու ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ կապերն ամրապնդելու համար: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայում մեծապես գնահատում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի՝ եվրամերձեցման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ յուրահատուկ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ համայնքի դերը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային եւ նրա բարեկամ ժողովրդին՝ այդ երկրում մեր հայրենակիցների նկատմամբ ջերմ վերաբերմունքի եւ հոգածության, իսկ Ֆրանսիայի խորհրդարանին՝ հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերում նրան մշտապես սատարելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:





























