Ֆրանսիան կարող է Թուրքիային դաս տալ, քանի որ Ֆրանսիան արիություն ունի առերեսվել սեփական պատմութան հետ, ասել է Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ֆիգարոյին» տված հարցազրույցում:

Նրա խոսքով` Հայաստանը դեմ չէ Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Մեր քաղաքականությունը չի ղեկավարվում Թուրքիային վնաս հասցնելու ձգտումով: Այն ղեկավարվում է հստակ սկզբունքներով»,-նշել է Հայաստանի նախագահը` միաժամանակ ավելացնելով, որ  հայկական կողմը հանդես է գալիս հօգուտ Թուրքիայի եւ եվրոպական մյուս երկրների միջեւ շփումների ընդլայնման, այդ թվում եւ Ֆրանսիայի հետ: Հայաստանը հույս ունի, որ Թուրքիան այդ շփումների միջոցով կարող է հասկանալ եվրոպական արժեքների նշանակությունը:

«Ֆրանսիայի նախագահներն ի զորու են առերեսվել սեփական պատմության հետ: Ես ողջունում եմ նրանց արիությունը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` Ֆրանսիան կարող է Թուրքիային արիության դաս տալ:

Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն ուղղված Ֆրանսիայի ջանքերը, Սերժ Սարգսյանը նշել է, որ իր կարծիքով, «ցեղասպանության ժխտումը ըստ էության հանցագործության շարունակություն է»: Նրա կարծիքով` նրանք, ովքեր փորձում են վերանայել պատմությունը` ժխտելով մի ժողովրդի կողմից մյուսի նկատմամբ ցեղասպանության փաստը, կիսում են այդ հանցագործության պատասխանատվությունը:

«Դժվար է կանխատեսել այդ ուղղությամբ ընդունվելիք որոշումները: Ես միայն կարող եմ ողջունել նախագահ Օլանդի հստակ դիրքորշումը, որը նա արտահայտել է նախընտրական արշավի ժամանակ»,-ավելացրել է Ս. Սարգսյանը:

Անդրադառանալով հայ-ֆրանսիական  հարաբերություններին, Ս. Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարկ է օգտագործել «բացառիկ հարաբերություններ» արտահայտությունը:

«Ֆրանսիան բացել է իր դռներն ու իր սիրտը Հայոց ցեղասպանության վերապրածների համար: Այսօր Ֆրանսիայի հայ համայնքը, որը հիմնականում 1915թ. ցեղասպանության արդյունքում է առաջացել, երկու երկրների միջեւ կամուրջ է հանդիսանում»,-նշել է Հայաստանի նախագահը:  Նրա խոսքով` 2012թ. խորհրդանշական է  երկու երկրների հարաբերություններում` հաշվի առնելով, որ նշվում է  Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման  20-ամյակը:

«Մեր երկու երկրների քսանմյա հարաբերությունների ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել: Ակտիվացել են մեր մշակութային եւ առեւտրական կապերը»,-նշել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ  Ֆրանսիան հանդիսանում է  Հայաստնում երկրորդ ներդրողը: Այսօր Հայաստանում ֆրանսիական կապիտալով 155 ընկերություն է գործում, որոնց թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Orange»-ը, «Credit Agricole»-ը, «Pernod Ricard»-ը, «Alcatel»-ը: