Ավելի քան 100 հազար ամերիկացիներ ստորագրել են ԱՄՆ-ի կազմից իրենց նահանգների դուրս գալու համար: Ներկայումս հայտագրեր են ստացվել 20 նահանգների բնակիչներից: Նրանք դժգոհ են դեմոկրատ Բարաք Օբամայի վերընտրությունից:

Ստորագրությունների քանակով առաջատարն է Թեքսասը` այն արդեն հատել է 25 հազարի շեմը, ինչից հետո Սպիտակ տունը պետք է պաշտոնական պատասխան տա հայտագրին: Թեքսասցիները բողոքում են մարդու իրավունքների խախտման դեմ: Նրանց, օրինակ, տհաճ է օդանավակայաններում Տրանսպորտի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից ուղեւորների  ստուգումը:

Ինչպես գրում է «utro.Ru»-ն, հայտագրերի հեղինակները վկայակոչում են Անկախության հռչակագիրը, որում ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը հռչակում են, որ «եթե կառավարության որեւէ ձեւ կործանարար է դառնում, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն եւ նոր կառավարություն ձեւավորել»: Հիմնական հայտագրերը տրվել են ընտրություններում պարտված Օբամայի հակառակորդ հանրապետական Միթ Ռոմնիին սատարող նահանգների բնակիչների կողմից: