Պաղեստինում նոյեմբերի 12-ին փակվել է Յասիր Արաֆաթի՝ Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող դամբարանը: Բանն այն է, որ 2 շաբաթից ինքնավարության իշխանությունները արտաշիրմում են կատարելու` Յասիր Արաֆաթի մահվան պատճառները պարզելու համար:

Հետաքննության հանձնաժողովի ղեկավար գեներալ մայոր Թաուֆիք Թիրաուին բացատրել է, որ այցելության համար հանգուցյալ նախագահ Արաֆաթի դամբարանը փակել են նրա մահվան հանգամանքների քննության համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների համար:

Ատաշիրմումը նախատեսված է նոյեմբերի վերջին: Այն կիրականացնեն Շվեյցարիայից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից ժամանած փորձագետները, հայտնում է «АН-online»-ը:

Յասիր Արաֆաթը վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 11-ին` Ֆրանսիայում, Փարիզի  մերձակայքի ռազմական հոսպիտալում:

Նախորդ ամառ Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտարարել էր նրա անձնական իրերում ռադիոակտիվ տարրերի հայտնաբերման մասին: