Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի նյարդակենսաբանները հայտնել են, որ իրենց հաջողվել է տարբերակել արդեն 10 տարի բույսի կարգավիճակում գտնվող հիվանդի ուղեղի ազդանշանները: Գիտնականներն ակնդետ հետեւել են 39-ամյա Սքոթ Ռաութլիի գլխուղեղի արյունատար անոթների վարքին:
Ուսումնասիրելով առողջ մարդկանց ուղեղի որոշակի հատվածների արձագանքը որոշ հարցերի դեպքում, նյարդակենսաբաններն սկսել են նույն հարցերն ուղղել նաեւ հիվանդին՝ միաժամանակ հետեւելով անոթների վիճակին:
Արդյունքը, ըստ գիտնականների, գերազանցել է սպասելիքները. Նրանք հստակ որսացել են «այո» եւ «ոչ» պատասխանները: Օրինակ, վթարի արդյունքում գլխի լուրջ վնասվածքներ ստացած 39-ամյա կանադացին մասնագետներին հայտնել է, որ ցավ չի զգում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նյարդակենսաբանները վստահ են, որ շփման նոր միջոցը նման հիվանդներին հնարավորություն կընձեռի շրջապատին հաղորդել իրենց մտքերն ու ցանկությունները:





























