Քննիչները պարզում են, թե Ռուսաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի ազգականներն ինչպես են Մոսկվայի կենտրոնում էլիտար սեփականություն ձեռք բերել:
«Իզեստիա» թերթի տվյալներով, նախկին նախարարի քույր Գալինա Պուզիկովան Մոլոչնայա խաչմերուկի շենքում («Զոլոտայա Միլյա» էլիտար թաղամաս) միանգամից երեք բնակարան ունի, երկու ավտոտնակներով եւ ոչ բնակելի շինությամբ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 700 մլն ռուբլին:
Բացի այդ, նա եւս երեք էլիտար բնակարան ունի Սանկտ Պետերբուրգում, քոթեջներ եւ հողատարածքներ Մերձմոսկվայում եւ Լենինգրադի շրջանում: Ընդ որում, Պուզիկովայի պաշտոնական եկամուտը նախորդ տարվա ընթացքում կազմել է ընդամենը 240 հազար ռուբլի: Ըստ թերթի՝ Գալինան գործարարությամբ է զբաղվում:
Գալինայի ամուսին Վալերի Պուզիկովը նույնպես գործարար է՝ կնոջից շատ ավելի հարուստ: 2011թ. նա 80 մլն ռուբլուց ավելի եկամուտ է հայտարարագրել: Նա երկու մայրաքաղաքներում 10 բնակարան ունի, 12 հողատարածք, հինգ ավտոտնակ, բնակելի չորս շենք, անշարժ գույքի այլ օբյեկտներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին աշխատանքից ազատել էր պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար էր նշանակվել Սերգեյ Շոյգուն, որը մինչ այդ զբաղեցնում էր Մոսկվայի շրջանի նահանգապետի պաշտոնը:
Սերդյուկովի պաշտոնանկությանը նախորդել էր նախարարության ենթակա «Օբորոնսերվիս» հոլդինգի շուրջ ծավալված սկանդալը: Հոկտեմբերի 25-ին խուզարկություններ էին կատարվել ընկերությունում եւ Սերդյուկովի մտերիմ համախոհ, նախարարության նախկին աշխատակցուհի Եվգենիա Վասիլեւայի տանը:





























