2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 603 հազ. զբոսաշրջիկ՝ 2011 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 9.4%-ով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Աճի այդ տեմպը կպահպանվի նաեւ առաջիկայում, եւ տարին կհատենք 800 հազարի սահմանագիծը»,- ասաց Ա. Պետրոսյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային զբոսաշրջությունը դեռ չի հաղթահարել ճգնաժամը, Հայաստանում զբոսաշրջության աճի տեմպը կարելի է բարձր համարել: Մասնավորապես՝ զբոսաշրջության համաշխարհային միջին աճը տատանվում է 3-4%-ի շրջանակներում:

Ա. Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի ամենայն հավանականությամբ միջազգային զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում առաջին անգամ կգերազանցի 1 միլիարդի նիշը:

Ա. Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, այսինքն՝ առավելապես ընդունում է ինտելեկտուալ մարդկանց: Սակայն անհրաժեշտություն կա ավելի բազմազան ու հետաքրքիր դարձնելու նրանց այցելությունները, բացի պատմամշակութային այցելություններից առաջարկել նաեւ փառատոններ, հետաքրքիր այլ միջոցառումներ: Այդպիսիք կարող են հանդիսանալ գինու, խորովածի փառատոնները: Ըստ Ա. Պետրոսյանի՝ ծրագրեր կան Գյումրիում կազմակերպել հին արհեստների ու հումորի փառատոններ: