2012թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 608.1 հազ. մարդ՝ 11,4%-ով ավելի, քան 2011թ. նույն ժամանակաշրջանում; Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արա Պետրոսյանը: Նշենք, որ այդ նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 603 հազ. զբոսաշրջիկ:
Ըստ Ա. Պետրոսյանի՝ Աջարիա տարեկան մեկնում է 60-70 հազ. հայաստանցի, աճը 2012 թ.՝ 13-14% է:
«Արտագնա զբոսաշրջության աճն ուրախալի է, քանի որ հանրապետության միջին խավը դառնում է վճարունակ: Այսպիսի գլոբալ թեզ՝ դու պիտի գնաս, որ քեզ մոտ գան»,- ասաց Ա. Պետրոսյանը; Նրա տեղեկացմամբ՝ երկրներ կան, որ պետականորեն խթանում են արտագնա տուրիզմը, քանի որ հետագայում դա միջնորդավորված նպաստում է տնտեսության զարգացմանը: «Միշտ էլ հայերը սովորություն են ունեցել ընտանիքով գնալ Սեւ ծով: Սեւանն ու ծովը լրիվ տարբեր էկոհամակարգեր են, տարբեր առողջարարական հնարավորություններ ունեն»,- ասաց Ա. Պետրոսյանը, սակայն նշեց նաեւ, որ 13-14%-ով աճել են նաեւ ներքին այցելությունները՝ Ջերմուկ, Աղվերան, Ծաղկաձոր եւ այլն:





























