Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է Վրաստանի մասին սուտ տարածելու մեջ եւ խոստացել, որ դրան շուտով վերջ կդրվի:
«Սահակաշվիլին իր հայտարարություններով ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պատրանք է ստեղծում, անհասկանալի է՝ ուր եւ ինչու է նա գնում», - «9-րդ ալիքի» եթերում ասել է Իվանիշվիլին: Հիշեցնենք, այժմ Սահակաշվիլին եւ Իվանիշվիլին այցով գտնվում են Բրյուսելում:
Բիձինա Իվանիշվիլին նաեւ նշել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին առաջարկել Վրաստան ուղարկել աշխատանքային խումբ՝ բանակի իրական վիճակին ծանոթանալու համար, գրում է «Գռուզիա օնլայնը»:
Վարչապետը խոստացել է այս հարցը, ինչպես եւ ԶՈՒ Միավորված շտաբի ղեկավար Կալանդաձեի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել նոյեմբերի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ բանակցությունների ընթացքում:
Իվանիշվիլին խոստացել է, որ «Վրաստանում նախկինի պես ընտրովի արդարություն չի լինի»: «Ամեն ինչ կարվի օրենքի շրջանակում, եւ մենք այդ մասին խոսել ենք Բրյուսելում հանդիպումների ընթացքում», - հավաստիացրել է նա:
Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անհանգստություն էր հայտնել Վրաստանում ռազմական բարձր պաշտոնյաների ձերբակալության կապակցությամբ, Միխայիլ Սահակաշվիլին էլ մտահոգություն էր հայտնել վերջինիս խիստ տոնի առթիվ:





























