ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Կովկասից եկածներից խլել դանակներն ու ատրճանակները կամ էլ, ընդհակառակը, զինել տեղացիներին, որպեսզի կարողանան խուլիգաններին հակահարված տալ: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Պետդումայում:

 «Տրամվայ են ներխուժում ավազակները, եւ նրանց կանգնեցնել փորձողը զոհ է դառնում: Մի՞թե դա երկրում ազգամիջյան խտրականություն չի արթնացնի: Ռուս տղերքը Մախաչկալայում, Նալչիկում կամ Գրոզնիում տրամվայ չեն ներխուժում եւ տեղացիներին չեն դանակահարում: Ազգությունը կապ չունի, խնդիրը առանձին քաղաքացիների վրդովեցնող վարքն է», - ասել է Վլադիմիր Ժիրինովսկին, գրում է nakanune.ru-ն:

Ժիրինովսկին առաջարկել է խուզարկել Կովկասից եկածներին եւ դանակներ գտնելու դեպքում բանտարկել: «Նրանք բոլորը դանակ կամ ատրճանակ ունեն: Ի՞նչ է, պատերա՞զմ է: Եթե դա ազգային ավանդույթ է, թող մնան այն վայրերում, որտեղ դա ձեռքբերում է համարվում», - ասել է Ժիրինովսկին, հավելելով, որ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում դանակով զբոսնելն արգելված է: 

«Կամ պետք է ողջ բնակչությանը զինել, կամ բոլորից խլել զենքը», - ամփոփել է Վլադիմիր Վոլֆովիչը: