Մեր հայրենակիցները ինչ-որ հատուկ վերաբերմունք ունեն «ցեղասպանություն» բառի հանդեպ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կանադայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը: 

Հարցին՝ ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Բարաք Օբաման 2015թ. կարտաբերի արդյոք «ցեղասպանություն» բառը, նա պատասխանել է.  «Այդ բառի նկատմամբ համընդհանուր վերաբերմունք է ձեւավորվել, ինչը, ամենայն հավանականությամբ, գալիս է  սփյուռքից: Անգամ եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա էական ոչ մի արդյունք չի ունենա: Օրինակ, Ֆրանսիան արդեն ճանաչել է, բայց դա որքանո՞վ է ազդում Թուրքիայի վրա: Այդ հարցում Ֆրանսիայի կողմից ոչ մի ճնշում չի նկատվում»:

Պապյանի խոսքով՝ հայկական կողմի համար շատ կարեւոր է Ցեղասպանության հետեւանքների վերացումը:

«Ճանաչումն իմաստ ունի միայն ճանաչում-փոխհատուցում համատեքստում: Մենք պետք է հստակ իրավական ճանապարհով գնանք», - ընդգծել է նա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am