Թուրքիայում քեմալականության դիրքերը թուլանում են: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը: 

Թուրքիայում հետագա գործընթացների վերաբերյալ քաղաքագետը նշել է, որ երկրում աստիճանաբար ուժեղանում է իսլամական կողմը:

«Քաղաքական իսլամի ճանապարհով ընթացող Թուրքիան մեծ սպառնալիք է նաեւ Արեւմուտքի համար: Մեր գլխավոր խնդիրն է այնպես անել, որ Արեւմուտքն ի դեմս Հայաստանի դաշնակից տեսնի, ի դեմս Թուրքիայի՝ հակառակորդ», - ընդգծել է Պապյանը: 

Նրա խոսքով՝ Թուրքիան այսօրվա օրով համաշխարհային տնտեսական սանդղակում 15-րդ տեղն է զբաղեցնում, եւ նրա բանակը աշխարհում 7-րդն է: Թուրքիայի նման ինքնուրույնությունը նյարդայնացնում է Արեւմուտքին, եւ ԱՄՆ-ում արդեն սկսել են քննարկել տարածաշրջանում Թուրքիայի փոխարեն նոր դաշնակից գտնելու հարցը:

Նման դաշնակից, ըստ քաղաքագետի, լիովին կարող է դառնալ ձեւավորվող քրդական պետությունը: Իսկ քանի որ քրդական եւ հայկական հարցերը սերտորեն փոխկապակցված են, վերջինը եւս որոշակի կարեւորություն կստանա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am