Սիրիայում Արեւմուտքը որոշակի աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը:
«Սիրիայի տարածքով է անցնում դեպի ծով տանող ամենակարճ միջանցքը: Հենց սա էլ Մերձավոր Արեւելքում արեւմտյան աշխարհաքաղաքական խաղի շարժիչ ուժն է: Ներկայումս աշխարհաքաղաքական փոփոխությունների նախապատրաստական փուլն է ընթանում», - նշել է քաղաքական գործիչը: Պապյանի խոսքով՝ հնարավոր է, որ արեւմտյան երկրները մինչեւ վերջ չգնան, եթե համաձայնության գան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: «Կարեւոր չէ՝ ով կղեկավարի Սիրիան, կարեւոր է, թե ինչ պայմաններում եւ ինչպես դա կանի»:
Անդրադառնալով Հայաստանի համար սիրիական ճգնաժամի հնարավոր հետեւանքներին՝ Արա Պապյանն ընդգծեց, որ հայկական կողմին ձեռնտու չի լինի Սիրիայում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը, հատկապես նկատի ունենալով այն փաստը, որ Սիրիայում թուրքական քաղաքականության գլխավոր ուղղություններից է հայ բնակչության արտաքսումը Միջին Արեւելքից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























