Պաղեստինցի բանվորները  նոյեմբերի 13-ին սկսել են քանդել դամբարանը, որում հանգչում է Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդ  Յասիր Արաֆաթը: Շինության քանդման աշխատանքը նվազագույնը հինգ օր կտեւի:

Agence France-Presse-ի տեղեկացմամբ, Արաֆաթի մարմնի արտաշիրմումը եւ հետագա զննությունը կանցկացվի մի քանի փուլով:  զննությունը կիրականացնեն շվեյցարացի, ֆրանսիացի եւ ռուս մասնագետները:

Այս պահին դամբարանն արդեն փակ է այցելությունների համար, դրա շուրջն արգելապատնեշներ են տեղադրված: Իշխանությունները հայտարարել են, որ ոչ ոքի ոչ մի դեպքում թույլ չեն տա լուսանկարել առաջնորդի մնացորդները, գրում է lenta.ru-ն:

Յասիր Արաֆաթը վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 11-ին` Ֆրանսիայում, Փարիզի  հիվանդանոցում: Մահվան պաշտոնական վարկած էր նշվել կաթվածը:

Առաջնորդի մահվան հանգամանքների քննությունը վերսկսվել էր 2012թ. օգոստոսին, երբ շվեյցարացի մասնագետները նրա անձնական իրերում ռադիոակտիվ տարրեր էին հայտնաբերել:

Սպասվում է, որ բուն արտաշիրմումը կկայանա նոյեմբերի 26-ին: