«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը դեռ ավարտված չէ: Ներկա պահին քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի, ինչպես նաեւ «Ժառանգության» հետ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, հինգշաբթի օրը քաղաքական խորհրդակցություններ կկայանան ՕԵԿ-ի հետ, բացի այդ, այսօր հրավեր է ուղարկվել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:
Զոհրաբյանը նշեց, որ բացի խորհրդարանական ուժերից, քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համար հրավեր է ուղարկվել նաեւ արտախորհրդարանական ուժերին: Նա չբացառեց, որ մոտ ժամանակներս քաղաքական խորհրդակցություններ տեղի ունենան այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ արդեն անցկացվել են խորհրդակցություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում նշել է. «Նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել եւ, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդում այդ հարցի շուրջ մենք ունենում ենք քննարկումներ։ Ասեմ, որ այդ քննարկումներում կուսակցության քաղաքական խորհուրդը առաջնային է համարում ընտրությունների բովանդակությունը, օրակարգային հարցերը ու, բնականաբար, կարեւորագույն հարցերից մեկն այն է, թե ի՞նչ է առաջարկվելու հասարակությանը: Մենք մինչ անձերին անդրադառնալը, առավել կարեւորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական եւ հասարակական շահագրգիռ շրջանակների հետ:
Այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձեւավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից եւ դնել զարգացման առողջ եւ ճիշտ ուղու վրա:
Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները՝ մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բաձրացման, եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար:
Այս ճանապարհին մենք կարեւորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը:
Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017 թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի:
Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից եւս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման եւ համագործակցության լուրջ գաղափարական հենք:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյոք կա՞ հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ»:





























