ԵԱՀԿ Մինսկի խումբն անաչառ չէ, ուստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն արդեն 20 տարի հաջողության չեն հանգեցնում: Այս մասին, ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը, ընդգծելով, որ հակամարտության կարգավորման գործընթացին պետք է միանան տարածաշրջանի երկրները:

«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է 20 տարի: Ադրբեջանն ու Հայաստանը խնդրի կարգավորման համար ընտրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը եւ դեռ այլ մեխանիզմներ չեն օգտագործում: Կարծում եմ, որ Մինսկի խումբն այդ հակամարտությունում անաչառ չէ: Հենց այդ պատճառով հակամարտության կարգավորման ջանքերը հաջողության չեն հանգեցնում: Մինսկի խմբի քաղաքականությունը ծառայում է հակամարտության ձգձգմանը եւ խոստանում, որ այդ հարցը կլուծվի 20 տարվա ընթացքում: Դա չի բխում ոչ Ադրբեջանի, ոչ էլ տարածաշրջանի անվտանգության շահերից: Կարծում են, որ տարածաշրջանի երկրները պետք է միանան ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, որովհետեւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները ուժեղ կամք չունեն այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է դեսպանը:

Մոհսեն Փաքայինը նշել է, որ Իրանը պատրաստ է օգնել այդ հակամարտության լուծմանը: «Հակամարտությունը տեղի է ունենում Իրանի սահմանի մոտ եւ, բնական է, որ լարվածության առկայությունն այդ շրջանում անհանգստացնում է մեզ: Եթե մենք կարող ենք որեւէ կերպ օգնել հակամարտության լուծմանը, մենք դրա համար ուժեր չենք ափսոսա»,-ասել է դեսպանը: