ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանում է իր ակտիվությունը, սակայն հատկապես ակտիվ է եղել վերջին մի քանի շաբաթներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նոյեմբերին տարածաշրջան այցելության ժամանակ կքննարկեն քայլերը, որոնք կարող են օգնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի հասնելուն»,-ասել է դեսպանը, հաղորդում է Trend-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Փարիզում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Նախարարներն ու համանախագահները պայմանավորվել են շարունակել քննարկումները նոյեմբերին համանախագահների տարածաշրջան այցի ժամանակ:





























